Հայաստանում ստեղծված են բոլոր պայմանները պատշաճ մակարդակով նախատոնական առևտուրը կազմակերպելու համար, նոյեմբերի 15-ին հայտարարել է ՀՀ գյուղնախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանը: Մասնավորապես, ըստ նրա, գյուղնախարարությունը բանակցում է հավկիթ արտադրող ընկերությունների հետ, խուսափելու համար ձվի դեֆիցիտից, որն առկա էր անցյալ տարի Ամանորի շեմին:
Ինչ վերաբերում է հանրապետության ապահովմանը կենդանական և բուսական ծագման ապրանքներով, ապա, ըստ փոխնախարարի, խոշոր եղջերավոր անասունների մսի 20-30 տոկոսը ներկրվում է Հայաստան, իսկ մանր եղջերավորների, մասնավորապես, ոչխարի մսով երկիրն ապահովված է:
Անդրադառնալով մսի գներին՝ Գրիշա Բաղիյանը հավելել է, որ խոզի և ոչխարի մսի գները վերջին շրջանում անփոփոխ են մնացել, իսկ տավարի մսի գինը 3 հազար դրամից նվազել է մինչև 2500-2800 դրամ: