15 նոյեմբերի 2011 - 16:02 AMT
«Մանկական Եվրատեսիլ-2011»-ին Հայաստանում առաջին անգամ կլինի հրավառություն-ներկայացում

«Մանկական Եվրատեսիլ-2011»-ի ժամանակ Հայաստանում առաջին անգամ տեղի է ունենալու հրավառություն-ներկայացում: Այդ մասին հայտարարեց մրցույթի պատվիրակությունների ղեկավար Գոհար Գասպարյանը: Նա նաև նշեց, որ հրավառությունը կազմակերպելու համար հատուկ հրավիրվել են ուկրաինացի մասնագետներ: Բացի դրանից, Գասպարյանի խոսքով, արտերկրից հրավիրվել են բավական մեծ թվով մասնագետներ` լույսի, ձայնի և այլ տեխնիկական սպասարկման համար: Կ. Դեմիրճյանի անվան համալիրում տեղավորվելու է 8000 հանդիսատես: միայն Եվրոպայից սպասվում է շուրջ 50 լրագրող: Արդեն ներմուծվել է հսկայական HR ֆորմատի ձայնային տեխնիկա:

«Մանկական Եվրատեսիլ-2011»-ը տեղի է ունենալու դեկտեմբերի 3-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Դեռ 2010 թ-ի վերջին Հայաստան էին ժամանել շվեդ փորձագետներ, ովքեր ուսումնասիրել են մարզահամերգային համալիրը և ընդհանուր պայմանները:

Մրցույթը բացելու է Ռուսաստանը, իսկ եզրափակելու է Բելգիան: Հայաստանը ներկայանալու է 4-րդ համարի տակ: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007թ-ից: Առաջինը այդ մրցույթում Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» խումբը «Երազանք» երգով և գրավել 2-րդ տեղը, 2008 թ-ին Մոնիկա Մանուչարովան և գրավել է 8-րդ տեղը իր «Իմ երգի հնչյունը» երգով: 2009 թվականին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացրեց Լուարա Հայրապետյանը «Բարսելոնա» երգով և գրավեց 2-րդ տեղը` այն կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ: 2010թ. նոյեմբերի 20-ին «Մանկական Եվրատեսիլ-2010» մրցույթում Հայաստանին հաղթանակ բերեց Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով: Այս տարի Հայաստանը ներկայացնելու է Դալիթան իր Welcome to Armenia երգով: