Նոյեմբերի 17-20-ը կայանալիք Հեռախոսամարաթոն դրամահավաք ծրագրին Օրանժ ընկերությունը կաջակցի՝ տրամադրելով տեխնիկական աջակցություն և չորս հեռախոսակայաններ։
Հեռախոսամարաթոնից ստացված հանգանակություններն ուղղվելու են Տավուշի մարզում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորմանը և Ղարաբաղի գյուղերում խմելու ջրի առկա խնդրի լուծմանը:
12 տարի է, ինչ Orange-ը համագործակցում է Ֆրանսիայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ։ Ավելի քան 600 կամավոր այս օրերին Կաշանում, Լիոնում, Մարսելում և Տուլուզում գործող Orange-ի հեռախոսակայաններից կկատարեն զանգեր։ Այս քաղաքներում գործող Orange-ի 4 հեռախոսակայաններն այս օրերին կլինեն Ֆրանսիայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմնի կամավորների տրամադրության տակ:
Հեռախոսակայնները հագեցված են Հեռախոսամարաթոնի անցկացման համար անհրաժեշտ հաղորդակցության բոլոր միջոցներով և տեխնոլոգիաներով: Այս հեռախոսակայաններում աշխատող կամավորներին նաև իրենց աջակցությունը կցուցաբերեն Orange-ի տեխնիկական մասնագետները:
Ֆրանսիայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի տեղական մարմինը նպատակ ունի Հեռախոսամարաթոն 2011-ի կնքահայր Միշել Դրյուկերի անունից «Զանգիր բոլորին» ծառայության միջոցով 50,000 ձայնային հաղորդագրություն ուղարկել հնարավոր բոլոր նվիրատուների ֆիքսված կապի և բջջային հեռախոսահամարներին:
«Հեռախոսամարաթոն դրամահավաք ծրագրի շրջանակներում Orange Արմենիա ընկերությունը համագործակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ արդեն երկրորդ անգամ: Գյուղերը Orange Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են, և այժմ մենք ուրախ ենք, որ ունենք հնարավորություն մեր տեխնոլոգիաները լավագույնս ծառայեցնելու այն ծրագրերի իրականացմանը, որոնք նպատակ ունեն բարելավել Հայաստանի գյուղերի բնակիչների ամենօրյա կյանքը», ասաց Orange Արմենիա ընկերության Գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: