20 նոյեմբերի 2011 - 18:26 AMT
Դավիթ Կարապետյան. Յուրաքանչյուր հայ զինվորի կյանքի համար հայկական կողմի պատասխանը լինելու է անհամաչափ

Վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարների դավադիր գործողությունները, որոնց հետևանքով զոհվեցին երկու հայ զինվորներ, ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը դասեր չի քաղել նախկին արկածախնդրություններից և չի մտածում իր իսկ զինվորների անվտանգության մասին: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը, մեկնաբանություններ տալով նոյեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարների կողմից երկու հայ զինվորների սպանելու կապակցությամբ:

«Քանի որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չի մտածում իր զինվորների կյանքի մասին, ստիպված ենք անմիջապես Ադրբեջանի բնակչությանը հիշեցնել, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ յուրաքանչյուր հայ զինվորի կյանքի համար հայկական կողմի պատասխանը լինելու է անհամաչափ, իսկ Արցախի պաշտպանության բանակի անհամաչափ պատասխանի քանակական ցուցանիշները քաջ հայտնի են Ադրբեջանի զինված ուժերի անպատասխանատու հրամանատարությանը»,- նշված է Կարապետյանի հայտարարության մեջ:

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, նոյեմբերի 20-ին ժամը 08:50-ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում (Կուրոպատկինոյի ուղղություն) ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հակառակորդի կողմից արձակված գնդակից կրծքավանդակի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Միհրան Արմենի Մարգարյանը:

Նոյեմբերի 19-ին ժամը 08:40-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակած կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Արեն Արմենի Սիմոնյանը: Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն: