21 նոյեմբերի 2011 - 14:27 AMT
Անահիտ Բախշյան. Կրթության ոլորտը ծայրաստիճան քաղաքականացված է

«Ժառանգություն»-ը բազմիցս բարձրաձայնել է այն մասին, որ հակառակ ՀՀ գործող օրենքների` կրթության ոլորտը ծայրաստիճան քաղաքականացված է: Այս մասին ՀՀ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը հայտարարել է Հանրային հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում։

«Վարչապետը կուսակցական անդամատոմսերի հանձնման արարողությունը կազմակերպում է դպրոցում, այսինքն դպրոցում իրականացնում է քաղաքական քարոզչություն, որն արգելված է օրենքով: Միևնույն ժամանակ ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ հանրապետության առաջին արտգործնախարարի հանդիպումներն ուսանողների հետ արգելվում են` դրանք որակելով որպես քաղաքական քարոզչություն»,- նշել է Բախշյանը:

Նա ասել է, որ եթե պայմանագրային հիմունքներով կրթական հաստատությունների դահլիճները վարձակալությամբ կարող են օգտագործվել այդ նպատակներով, ապա դրա մասին իշխանությունը պետք է հայտարարի և դա դառնա նախադեպ, որպեսզի ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերին ևս տրվի այդ հնարավորությունը:

«Որոշ դպրոցներում շողոքորթությունն այն աստիճանի է հասել, որ պատերին հանրապետական կուսակցության խորհրդանիշներն են փակցված: Մարզերում կոալիցիոն կուսակցությունների խորհրդանիշներն ամենուրեք անթույլատրելի տեղերում են` գյուղապետարանների, մշակույթի պալատների, քաղաքապետարանների ճակատներին, այսինքն հանրային սեփականությունն ամենուրեք նույնացվել է կոալիցիոն կուսակցությունների հետ»,- հայտարարել է պատգամավորը:

Նա նշում է, որ օրինազանցությունը հասել է այն աստիճանի, որ ՀՀ պետական բյուջեն է սկսել նույնացվել կուսակցական բյուջեների հետ. «Պետական բյուջեով ֆինանսավորվող երիտասարդական հիմնադրամի գործունեությունը կարծես ամբողջապես ծառայում է հանրապետական կուսակցության երիտասարդական թևին, որի ցցուն օրինակը նոյեմբերի 10-ին Երիտասարդության օրվա առիթով մարզահամերգային համալիրում վարչապետի խոսքն էր»:

Նման համատարած ապօրինությունները, քաղաքական մրցակցության անհավասար պայմանները, ըստ բանախոսի, դարձել են սովորական: