21 նոյեմբերի 2011 - 19:50 AMT
Թուրքիան սկսել է հայ-թուրքական հաշտեցման գործընթացի իմիտացիան ներկայացման վերածել

«Թուրքիայի Մեծ ազգային ժողովի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Մուստաֆա Բոսքիրի հայտարարություններն այն մասին, որ Հայ-թուրքական արձանագրությունները չեն քննարկվելու Թուրքիայի խորհրդարանում, խոսում է այն մասին, որ թուրքական խորհրդարանը սկսել է հայ-թուրքական հաշտեցման գործընթացի իմիտացիան ներկայացման վերածել»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով` նման հայտարարությունները, համենայնդեպս, Հայաստանում այլևս ոչ մեկին չեն հետաքրքրում: Ընդ որում, նա նշել է, որ այդ հայտարարությունը ոչ մի կերպ չի ազդի նաև այդ հարցում Հայաստանի դիրքորոշման վրա:

Սակայն հայ փորձագետը նկատել է, որ եթե գա մի պահ, երբ Արձանագրությունների վավերացումը բխի Անկարայի շահերից, ապա Թուրքիան կգնա այդ քայլին` հաշվի չնստելով ոչ մի բանի հետ:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեկնարկել է 2008թ. աշնանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ: Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների կողմից և պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից:

2011թ. օգոստոսին Հայ-թուրքական արձանագրությունները հանվեցին թուրքական խորհրդարանի օրակարգից, քանի որ չէին դրվել քննարկման մեկ գումարման ընթացքում, սակայն հոկտեմբերին արձանագրությունները կրկին ներառվեցին խորհրդարանի օրակարգում: