22 նոյեմբերի 2011 - 12:54 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
HSBC Բանկ Հայաստանը ավտովարկեր է առաջարկում 13 տոկոսով

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»–ը վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն ավելացրել է անհատական վարկավորման ծավալները և մինչև տարեվերջ ընդհանուր պորտֆելը կկազմի շուրջ 55 միլիոն ԱՄՆ դոլար նոյեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում ասել է Բանկային մանրածախ ծառայությունների դեպարտամենտի տնօրեն Արման Բարսեղյանը՝ Կոմիտաս 47 հասցեում` «ՌԵՆՈ-ՆԻՍՍԱՆ» ավտոսրահի մասնաշենքում գտնվող իր «Կոմիտաս 1» մասնաճյուղի վերաբացման շրջանակներում: Մասնաճյուղը փակվել էր 2009 թվականի հունիսին` բանկի կողմից սպառողական վարկավորման ժամանակավոր դադարեցման հետևանքով:

Ըստ նրա, եթե նախկինում «Կոմիտաս 1»-ը սահմանափակ ֆինանսական գործառնություններ իրականացնող մասնաճյուղ էր, որտեղ հաճախորդները կարող էին դիմել միայն ավտովարկավորում ստանալու նպատակով, ապա վերաբացված մասնաճյուղում հաճախորդներին հասանելի է «Էյչ-Էս-Բի-Սի»- ի կողմից առաջարկվող ծառայությունների ողջ ներկապնակը: Բանկն առաջարկում է հատուկ պայմաններ` «Ռենո-Նիսսան» (Կոմիտաս 47), «Ֆորդ-Վոլվո-Լենդ Ռովեր» (Աճառյան 42), «Պեժո» (Ռուբինյանց 33/1), «Շևրոլե» (Հալաբյան 18) ցուցասրահներից ավտոմեքենա գնելու դեպքում վարկի դիմած հաճախորդներին, որոնք կօգտվեն միևնույն արտոնյալ տոկոսադրույքից` սկսած 13%-ից:

Իր հերթին Հայաստանում Nissan ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Մուրան» ընկերության ֆինանսական տնօրեն Տիգրան Սիմոնյանը հավելել է, որ տվյալ մասնաճյուղի վերաբացումը կապված է ավտովարկավորման հանդեպ հետաքրքրության աճի հետ: «Այժմ որոշակի ակտիվություն է նկատվում այդ ոլորտոմ»,-ասել է նա՝ հավելելով, որ դրան կնպաստի նաև բանկի սահմանած արտոնյալ տոկոսադրույքը:

Ավելի քան 10-ը տարի է, ինչ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»–ը համագործակցում է վերոնշյալ ընկերությունների հետ վարկավորման, ակրեդիտիվների, բանկային երաշխիքների և արտաքին առևտրի ֆինանսավորման ոլորտներում: Այսպես, 2010 թվականի արդյունքներով «Կարկոմավտո» ՍՊԸ-ն ճանաչվել էր «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»–ի լավագույն հաճախորդը «Գլխավոր գործադիր տնօրենի ընտրություն» անվանակարգում, իսկ 2009-ի արդյունքներով` լավագույն հաճախորդը` «Բանկային երաշխիքներ» անվանակարգում:

ՖՈՏՈՇԱՐՔ