Հայաստանի բուժ հաստատություններում ինսլուլինի պակաս չկա, այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության դեղերի բաժնի ղեկավար Մարինա Հարությունյանը: Հայաստանում դիաբետով (շաքարաախտով) հիվանդներին ինսուլինը տրամադրվում է անվճար: Օրերս «Էրեբունի» բժշկական կենտրոնում մի քանի շաքարախտով հիվանդները դժգոհել են, որ չեն ստանում իրենց հասանելի ինսուլինը և մյուս դիաբետիկ հաբերը: Հարությունյանը շեշտեց, որ դեռ մեկ շաբաթ առաջ մեծ խմբաքանակով ինսուլին են ուղարկել բուժհաստատություններ, այդ թվում և «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այնուամենայնիվ, այն անձիք, ովքեր չեն ստացել իրենց հասանելիք ինսուլինը, կարող են զանգահարել և տեղեկացնել ՀՀ առողջապահության նախարարությանը:
Ինչ վերաբերում է դիաբետիկ հաբերին, ապա պետությունը հոգում է հիվանդների դեղաչափի 30 տոկոսը, մյուս մասը`հիվանդը:
Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որն ի հայտ է գալիս ենթաստամոքսային գեղձի ոչ բավարար քանակությամբ ինսուլին արտադրելու դեպքում, կամ, երբ օրգանիզմը չի կարողանում յուրացնել ինսուլինը, որն էլ առաջացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձացում:Առողջապահության տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնի և Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2010թ, Հայաստանում ընդհանուր մահացության բուրգում շաքարային դիաբետը կազմում է 5%:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյաների` ողջ աշխարում շուրջ 220 միլիոն մարդ տառապում է դիաբետով: Շաքարային դիաբետի միջազգային հիմնադրամի գնահատականի համաձայն` 2010-ից 2030 թվականներին շաքարային դիաբետի տարածվածության աճի տարեկան ցուցանիշը կազմելու է 0.9 տոկոս, ինչը նշանակում է, որ 2030 թվականին Հայաստանի յուրաքանչյուր տասներորդ բնակիչ կարող է ունենալ շաքարային դիաբետ: