Նոյեմբերի 24-ին պաշտոնական այցով Դանիա ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Կոպենհագենում հանդիպում ունեցավ Դանիայի արտգործնախարար Վիլլի Սյովնդալի հետ, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Վիլլի Սյովնդալը շնորհավորեց Դանիայում ՀՀ դեսպանության բացման կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ Հայաստանից առաջին քաղաքական երկկողմ բարձրաստիճան այցը Դանիա և դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը նոր էջ կբացեն հայ-դանիական հարաբերություններում:
Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Դանիայում ՀՀ դեսպանության հիմնումը վկայում է երկկողմ հարաբերություններն առավել զարգացնելու, խորացնելու և ամրապնդելու մեր նպատակադրվածության մասին:
Երկուստեք կարևորվեց երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, տնտեսական փոխգործակցության խթանմանն ուղղված համատեղ քայլերի ձեռնարկումը:
Նախարար Նալբանդյանն երախտագիտություն հայտնեց 1988 թ. երկրաշարժի արդյունքների վերացման և Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրի զարգացմանն ուղղված Դանիայի կողմից ցուցաբերած աջակցության համար:
Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Դանիայի ԱԳ նախարարը դրական գնահատեց այդ ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը:
Նախարարները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների, Արևելյան գործընկերության ձևաչափում համագործակցության վերաբերյալ:
Էդվարդ Նալբանդյանն ու Վիլլի Սյովնդալը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր:
Նախարարները պայմանավորվեցին խորհրդատվություններ անցկացնել երկու երկրների արտգործնախարարությունների միջև: