25 նոյեմբերի 2011 - 16:32 AMT
Մարզեր-Երևան մի շարք երթուղային ուղղություններ չեն գործում, բայց ոստիկանությունում այդ մասին տեղյակ չեն

«Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ այսօր կրկին չեն գործում մարզեր-Երևան մի շարք երթուղային ուղղություններ:

Մասնավորապես «Արժանապատիվ տրանսպորտի» ակտիվիստներից մեկը 12:00-ի սահմաններում եղել է Էջմիածնի` Երևան սպասարկող երթուղայինների կայանում. «Արդեն կես ժամ է, ինչ այստեղ եմ, մարդիկ հավաքվում են, սպասում տրանսպորտի: Մեծամասնությունն ուսանողներ են: Տաքսիի մի քանի վարորդներ, առիթը բաց չթողնելով, հայտարարում են, որ այսօր հանրահավաքի պատճառով տրանսպորտ չի լինելու և առաջարկում են սովորականից թանկ գնով (առաջվա 300-ի փոխարեն,500 դրամով) հասցնել Երևան: Ուղևորներից շատերը չեն կարողանում տեղափոխվել Երևան սահմանված գումարից կրկնակի ավելի վճարելու պատճառով»:

Նախաձեռնության մեկ այլ ակտիվիստ հայտնում է, որ նույն վիճակում է գտնվում Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի միջմարզային երթուղային գիծը,իսկ ավտոբուսները փորձում են Երևան հասնել այլ ճանապարհներով:

Ոստիկանության մամլո խոսնակի օգնական Արմեն Մալխասյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք կապ չունեն, իրենց աշխատակիցները ոչ մի ճանապարհ չեն փակել, և ոչ մի միջոցառում չենք ձեռնարկել: