Լոռու մարզկենտրոն Վանաձորում վաղը տեղի կունենա ոստիկանության բաց դռների օրերի շարքից առաջինը: Կազմակերպիչները հայտնում են, որ նպատակը ոստիկանության և բնակչության միջև փոխվստահությունն ամրապնդելն է:
«Ոստիկանության բաց դռների օրերը նպատակ ունեն ջերմացնելու հարաբերությունները ոստիկանության և Հայաստանի երիտասարդ քաղաքացիների միջև: Միջոցառումը մեր գրասենյակի` Հայաստանում ժողովրդավարական ոստիկանության զարգացմանը նպաստող շարունակական աշխատանքների մի մասն է և մարզերում իրականացվելիք նմանատիպ միջոցառումներից առաջինը»,- նշել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի պատասխանատու Լիլիան Շալառուն:
Օրվա ընթացքում բարձր դասարանի մոտ 30 աշակերտներ կայցելեն ոստիկանության Վանաձորի բաժինը, որտեղ կծանոթանան ոստիկանության առօրյա աշխատանքին և ոստիկանության ծառայողների հետ կքննարկեն ոստիկանական աշխատանքի մարտահրավերները` բարձրացնելով համայնքի անվտանգության հետ կապված մտահոգություն առաջացնող խնդիրներ: Նրանք նաև հնարավորություն կունենան փորձելու ոստիկանական սարքավորումները, հատուկ միջոցները և նստել պարեկային մեքենաների մեջ:
Մի շարք փորձագետներ թեմատիկ զրույցներ կվարեն տարբեր խնդիրների շուրջ, այդ թվում` թմրամոլություն, թրաֆիքինգ, կոռուպցիա, ինչպես նաև համայնքային ոստիկանության մոդել: Միջոցառման բոլոր մասնակիցներին կբաժանվեն նաև նշված թեմաներով հատուկ մշակված տեղեկատվական բրոշյուրները, ինչպես նաև հուշանվերներ: