27 նոյեմբերի 2011 - 17:07 AMT
Samsung-ն ուզում է հրաժարվել 10,1 դյույմանոց նեթբուքերի արտադրությունից և շեշտը դնել ուլտրաբուքերի թողարկման վրա

Samsung ընկերությունը 2012 թվականին ծրագրում է հրաժարվել նեթբուքերի թողարկումից: Այդ մասին հաղորդվում է նամակում, որը հարավկորեական ընկերությունը, իբր, ուղարկել է իր առևտրային գործընկերներին, գրում է Lenta.ru-ն:

Նամակում ասվում է, որ Samsung-ը մտադիր է վերանայել պորտատիվ համակարգիչների վերաբերյալ իր ռազմավարությունը: 2012թ. առաջին եռամսյակում ընկերությունը կդադարի 10,1 դյույմանոց էկրանով նեթբուքեր արտադրել:

Դրա փոխարեն շեշտը կդրվի 11,6 և 12-դյույմանոց էկրաններով մոդելների, ինչպես նաև «ուլտրաբուքերի»՝ գերբարակ նոութբուքերի արտադրության վրա՝ Intel Sandy Bridge պլատֆորմի հիման վրա:

Սակայն Samsung-ն առայժմ չի մեկնաբանել այդ տեղեկատվությունը:

Վերջին տարիներին նեթբուքերի հետ ուժեղ մրցակցում են պլանշետները, քանի որ վերջիններս ավելի կոմպակտ են և ավելի թեթև: Gartner վերլուծական ընկերության տվյալներով, 2011թ. երրորդ եռամսյակում Արևմտյան Եվրոպայում նեթբուքերի վաճառքն ընկել է 40 տոկոսով: