19 դեկտեմբերի 2003 - 19:16 AMT
ԵԽԽՎ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ԴԺՎԱՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հունվարյան նստաշրջանում Ադրբեջանին սպասվում են դժվար փորձություններ, գրում է Բաքվի «Զերկալո» թերթը: ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամիդ Սեիդովի խոսքերով` հունվարի 27-ին կայանալիք ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվելու է Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրը, որից հետո եւ կընդունվի համապատասխան որոշում: Ընդսմին, ադրբեջանական իրավապաշտպան կազմակերպությունները շարունակում են պնդել, որ երկրում քաղբանտարկյալների խնդիրը մնում է ամենասուրը: Չնայած այն բանին, որ Ադրբեջանի ղեկավարությունը միանշանակ հերքում է երկրում քաղբանտարկյալների առկայությունը, միջազգային հանրությունը, մասնավորապես ԵԽ, դիտում է տվյալ խնդիրը կատարյալ հակադիր դիտանկյունից: Համենայն դեպս, Ադրբեջանի ղեկավարությունը ստիպված է կամ լիովին լուծել այդ խնդիրը կամ էլ, ինչպես նախկինում, սահմանափակվել այնպիսի միջոցներով, ինչպիսին է մի քանի տասնյակ, գուցե եւ հարյուրից ավել մարդկանց ներում շնորհելը, որը դժվար թե դուր գա միջազգային հանրությանը` ի դեմս Եվրախորհրդի: Ընդսմին, ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը` վկայակոչելով Եվրախորհրդի իրազեկ աղբյուրները, ադրբեջանական հեռուստաալիքներից մեկի տեղեկատվությունն այն մասին, որ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Պիտեր Շվիմմերը, իբրեւ թե քննադատել է եվրոպացի ցեկուցող Անդրեաս Գրոսսին Ադրբեջանի հանդեպ իր «անարդարացի» դիրքորոշման համար, չի համապատասխանում իրականությանը: Երկրի իշխանություններն ամբողջ ժամանակ փորձում են համոզել սեփական բնակչությանը, որ Ա. Գրոսսի դիրքորոշումը դժգոհություն է առաջացնում ԵԽԽՎ ղեկավարության մոտ եւ «խնդիրներ» ստեղծում Բաքվի եւ Սթրասբուրգի փոխհարաբերություններում: Իրականում ամեն ինչ հակառակն է` հենց Բաքվի գործողություններն են ստեղծում խնդիրներ եւ տեղիք տալիս ԵԽԽՎ անդամների կշտամբանքներին, ընդգծել է աղբյուրը: Առաջին անգամը չէ, որ Բաքվի պաշտոնական եւ ոչ պաշտոնական աղբյուրները տարածում են տեղեկատվություններ այն մասին, որ Ադրբեջանի իրավիճակի մասին հարցը իբրեւ թե հանված է ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի օրակարգից, կամ էլ, որ Ա. Գրոսսը չի մասնակցելու զեկույցի պատրաստմանը: «Բոլոր նման գործողությունները չեն կարող չառաջացնել ափսոսանք, քանզի չեն նպաստում Բաքվի եւ Սթրասբուրգի միջեւ փոխըմբռնմանը»,- նշել է աղբյուրը: