17 դեկտեմբերի 2003 - 23:39 AMT
ԵՐԵՎԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
Մենք ողջունում ենք Շվեյցարիայի Ազգային խորհրդի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը` լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Շվեյցարիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման փաստը եւ դրա հնարավոր ազդեցությունը հայ-թուրքական հարաբերությունների վրա: Նրա խոսքերով, այդ իրադարձությունը արդյունք է Շվեյցարիայի քաղաքական եւ հասարակական ուժերի, մտավորականության, ինչպես նաեւ շվեյցարահայ կազմակերպությունների երկարամյա ջանքերի: «Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը առանձին ու յուրահատուկ գործընթաց է, որ ունի իր տրամաբանությունը եւ մենք չէինք ցանկանա, որ այն կապվեր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա երկխոսության հետ»,-հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարը: