17 դեկտեմբերի 2003 - 21:08 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑԱՅԻՆ ՄԵՆԱՇՆՈՐՀԱՏԵՐԸ ԴԱՏՎՈՒՄ Է ԵՐԿՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Հայաստանի հեռահաղորդակցային ցանցի մենաշնորհատեր «ԱրմենՏել» ընկերությունը ընդդեմ Հայաստանի կառավարության հայցով դիմել է Լոնդոնի միջազգային միջնորդական դատարան: Հայաստանի արդարադատության նախարարության մամլո ծառայության համաձայն, միաժամանակ կառավարության դեմ վնասների փոխհատուցման մասին հայցով դիմել է հունական ՕՏԵ ընկերությունը, որը «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսի սեփականատերն է: Հայցվորները պահանջում են կառավարության կողմից ընկերության գործունեության մասին արտոնագրի խախտման արդյունքում կրած կորուստների փոխհատուցում: Մասնավորապես, «ԱրմենՏելը» հայտարարում է խոշոր վնասների մասին Հայաստանում IP-հեռախոսակապի թույլատրման պատճառով, մինչդեռ ըստ արտոնագրի ընկերությունը մենաշնորհատեր է հանդիսանում հեռահաղորդակցության բոլոր ոլորտներում: Միեւնույն ժամանակ կառավարությունում հայտարարում են, որ վստահորեն հաղթելու են դատարանում, քանի որ կան անվիճելի ապացույցներ, որ «ԱրմենՏելը» չի կատարում իր պարտավորությունները ներդրումների եւ կապի որակի գծով: Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը սկսել է «ԱրմենՏելին» կապի մենաշնորհից զրկելու գործընթացը` մի շարք օրինագծեր ներկայացնելով խորհրդարան: Կառավարությունում կարծում են, որ դիմելով միջազգային դատարան, «ԱրմենՏելը» փորձում է կասեցնել այդ գործընթացը: