1 դեկտեմբերի 2011 - 12:40 AMT
Եվրո-2012-ի կազմակերպիչներն անակնկալներ են խոստանում եզրափակչի վիճակահանության ժամանակ

2012 թ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մասի վիճակահանության արարողությունը, որը կկայանա դեկտեմբերի 2-ին Կիևի «Ուկրաինա» պալատում, ներառելու է բազմաթիվ անակնկալներ:

Ընդունող երկրների՝ Ուկրաինայի և Լեհաստանի, մայրաքաղաքներում արարողությունը ուղիղ եթեր կհեռարձակվի մեծ էկրաններով : Վարշավայի կենտրոնում՝ Մշակույթի և գիտության պալատից ոչ հեռու, կկառուցվի ժամանակավոր տաղավար, որը կկարողանա տեղավորել 3000 մարդ: Բացի այդ այն 5000 հոգու համար, ովքեր չեն կարողանա հայտնվել տաղավարում, հատուկ կառուցված բեմի վրա կտեղադրվեն ևս երկու մեծ էկրաններ:

Սցենարը ենթադրում է բազմաթիվ անակնկալներ, որոնք ՈւԵՖԱ-ն դեռևս չի բացահայտում, փոխանցում է vesti.ru-ն:

Տոնախմբությունը ներառելու է մի քանի մաս՝ խորհրդանշական, երբ կկայանա Եվրո-2012-ի պաշտոնական գնդակի ներկայացումը, թիմերի բուն վիճակահանություն, որում ներգրավված կլինեն եվրոպական ֆուտբոլի լեգենդները, ինչպես նաև գովազդային, որում կցուցադրեն ընդունող քաղաքների հոլովակները: Դրանից հետո Կիևը կներկայացնի համերգային ծրագիր, որին կմասնակցեն 140 դերասաններ:

Արարողությանը հրավիրված են 700 հյուրեր, որոնց թվում ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի նախագահներ Միշել Պլատինին և Յոզեֆ Բլատտերը, եվրոպական և համաշխարհային ֆուտբոլային հանրության անդամներ, եզրափակիչ առաջնության հյուրնկալ երկրների բարձրաստիճան այրեր, ՈւԵՖԱ-ի գործընկերներ և հովանավորներ, Ուկրաինայի և Լեհաստանի ՄՕԿ-ի ներկայացուցիչներ: Ինչպես նաև եվրոպական ֆուտբոլի այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են Զինեդին Զիդանը, Լուիս Սուարեսը, Մարկո վան Բաստենը, Պետեր Շմեյխելը: