Յալթայում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտայկան դպրոցում, անցել է Սպենդիարյանի անվան կոմպոզիտորների առաջին միջազգային մրցույթը՝ Ուկրաինայի հայերի միության նախագահի մրցանակի համար:
Ինչպես Analitika.at.ua-ին հաղորդել է Վահան Վերմիշյանը, մրցույթն անցկացվել է Ուկրաինայում հայերի միության մշակութային միջոցառումների շրջանակում: Այն նվիրված է հայ ականավոր երգահան Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 140- ամյակին:
Մրցույթին մասնակցել են 12 երգահաններ Ուկրաինայից և Ռուսաստանից՝ 3 տարիքային խմբերում 1-ին մրցանակի դափնեկիրներ են դարձել Անաստասիա Դոցենկոն՝ Զապորոժիե, Գեորգի Չիրկովը՝ Յալթա և Վսեվոլոդ Սիրենկոն՝ Կիև: Մրցույթի բոլոր հաղթողները ստացել են հատուկ դրամական պարգևներ, որոնք հաստատված են Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի կողմից: Մրցույթի դափնեկիրներին մրցանակներ է շնորհել Ղրիմի հայ համայնքի փոխնախագահ Վահան Վերմիշյանը:
ՂԻՀ- ի փոխնախագահը Ուկրաինայի հայերի միության նախագահի անունից կարդաց ողջույնի խոսք՝ շնորհակալություն հայտնելով մրցույթի կազմակերպիչներին ու մասնակիցներին հրաշալի տոնի համար և հույս հայտնեց, որ Ա. Սպենդիարյանի անվան մրցույթը կդառնա ամենամյա:
Ինչպես հաղորդել է Analitika.at.ua-ն, դեկտեմբերի 9-ին Սիմֆերոպոլում կկայանա Ղրիմում հայ մշակույթի օրերի գալա-համերգը, որն այս տարի նվիրված է Ալեքսանդր Սպենդիարյանի 140-ամյակին: Տեղի կունենան նաև մեծ հայ երգահանին նվիրված երաժշտական երեկոներ: