5 դեկտեմբերի 2011 - 14:28 AMT
Արմեն Աշոտյանը պարգևներ է հանձնել 26-րդ Ունիվերսիադայի մասնակիցներին

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը պարգևներ է հանձնել Չինաստանի Շենժեն քաղաքում կայացած համաշխարհային 26-րդ ունիվերսիադայում մարզական բարձր արդյունքներ ցուցաբերած Հայաստանի ուսանողական պատվիրակության անդամներին:

Ունիվերսիադայում Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող, ծանրորդ Աղասի Աղասյանը գերազանց է հանդես եկել և արժանացել ոսկե մեդալի, ինչը ունիվերսիադաների մասնակցության պատմության ընթացքում մեր երկիրը ներակայացնող մարզիկների առաջին մեծ հաջողությունն է, PanARMENIAN.Net-ին են հայտնել նախարարության մամլո ծառայությունում:

Մեր ծանրորդներից Հայկ Հակոբյանը գրավել է երրորդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի: 26-րդ համաշխարհային ունիվերսիադայում մրցանակային տեղեր գրավելու համար ՀՀ կրթության և գիտության նախարար, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը դրամական պարգևներ է հանձնել մարզիկներ Աղասի Աղասյանին, Հայկ Հակոբյանին, Զավեն Անդրեասյանին, մարզիչներ Երվանդ Կիրակոսյանին և Փաշիկ Ալավերդյանին: