5 դեկտեմբերի 2011 - 15:57 AMT
Երևանյան ARMENO և ROBERTO կոշիկի խանութները խախտում են սպառողների իրավունքները

Ամեն տարի «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ում սպառողների կողմից զանգերի, կամ պարզապես այցելությունների տեսքով ստացվում է մոտավորապես 1000 բողոք, որոնց մոտավորապես 70 տոոկոսը այդ կազմակերպության անդամներին հաջողվում է լուծել խորհրդատվության միջոցով: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը: Նրա խոսքով, եթե 5-6 տարի առաջ այդ բողոքները վերաբերում էին հիմնականում հասարակական ծառայությունների մատուցմանը՝ հեռուստահաղորդակցմանը, գազիֆիկացիային, ապա վերջին երկու տարիներին դրանք կապված են սպառողների կողմից ձեռք բերվող ապրանքների անբավարար որակի հետ:

Ինչպես հայտարարել է նույն կազմակերպության ղեկավար Լուսինե Յագուբյանը, բողոքների մեծ մասը կապված է նրա հետ, որ սպառողները ձեռք են բերում թանկարժեք հագուստ և կոշիկ թանկարժեք, բրենդային խանութներց, ապա ցանկանում են այն ետ վերադարձնել կամ փոխել և դա նրանց չի հաջողվում: Նման խանութների թվում հիշատակվել են երևանյան ARMENO և ROBERTO խանութները:

Այս առնչությամբ Լուսինե Յագուբյանը հայտարարել է, որ ոչ մի զարգացած երկրում չես հանդիպի ցուցանակ այն մասին, որ ապրանքը փոխանակման ենթակա չէ, իսկ Հայաստանում դա բավականին տարածված է: «Մեզ մոտ գործում է օրենք, համաձայն որի սպառողն իրավունք ունի փոխելու ապրանքը, սակայն ոչ ետ վերադարձնելու. այդ օրենքը վերանայման կարիք ունի»,- հավելել է նա: