5 դեկտեմբերի 2011 - 17:02 AMT
ԿԱՐԾԻՔ
ՖՈՏՈՇԱՐՔ
«Մանկական Եվրատեսիլ 2011»-ով Հայաստանը ցույց տվեց, որ ի վիճակի է հյուրընկալել միջազգային մրցույթներ

Դեկտեմբերի 3-ին Երևանում տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2011»-ը, որի հաղթողն այս տարի դարձավ վրացական Candy խումբը իրենց «Candy music» երգով: Մինչ մրցույթը Հայաստանում բոլորը քննարկում էին, ի վիճակի ՞ է արդյոք Երևանը ընդունել նման մեծամաշտաբ մրցույթ, թե՝ ոչ: Բոլորի մոտ կարծիքը, հիմնականում, բացասական էր: Ոմանք հասկանում էին պատասխանատվության չափը, ոմանք էլ` պարզապես վատատես էին:

Այնուամենայնիվ շոուն իրականացավ և իրականացավ ինչպես հարկն է: Կառուցվեց գեղեցիկ բեմ, բերվեց լավ տեխնիկա, հրավիրվեցին հյուրեր արտերկրից:

Մրցույթը դիտելու համար Հայաստան էին ժամանել բազմաթիվ օտարերկրացի լրագրողներ և զբոսաշրջիկներ, ովքեր հիացած էին Հայաստանով և մրցույթով:

«Չափազանց ուրախ եմ, որովհետև ամեն ինչ անցավ հիանալի, այնպես, ինչպես պլանավորվել էր», մրցույթից հետո PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ժամանակ նշեց մրցույթի ղեկավար Սիթսե Բեքերը:

«Հայերը հիանալի մարդիկ են, շատ զարգացած, նույնիսկ փոքր երեխաները խոսում են անգլերեն: Նրանք շատ ազնիվ են և շատ հյուրասեր: Հանրային հեռուստաընկերությունն արեց լավագույնը, համարյա ամբողջությամբ վաճառվեցին գլխավոր փորձի տոմսերը և ամբողջովին` մրցույթի տոմսերը», ասում է մրցույթի համար Հոլադիայից ժամանած լրագրող Յուրգեն Բյորնիգը:

Այնուամենայնիվ մեր հայրենակիցների մոտ դժգոհություն կա: Նրանք դժգոհում են, որ շոուն լավը չէր, մասնակիցները լավ չէին երգում և այլն: Այն մարդիկ, ովքեր հետևել են նախորդ տարիների «Մանկական Եվրատեսիլին», կասեն, որ իրականում նախորդ տարիների մրցույթների բեմերը ավելի լավը չէին, եթե հաշվի առնենք, որ որոշ երկրներ, օրինակ Բելոռուսիան, հատուկ այդ առիթով նոր շենք էր կառուցել, իսկ Հայաստանը այն իրականացրել է Մարզահամերգային համալիրում:

Դեռ մրցույթը սկսելուց մեկ ժամ առաջ համալիրի նախասրահում դի-ջեյ էր աշխատում, ով մանկական երգերով ուրախացնում էր երեխաներին, նրանց ողջունում էին մուլտֆիլմերի հատնի և սիրված հերոսներ: Միևնույն ժամանակ նշենք, որ նախասրահում վաճառվում էին նաև բազմապիսի հուշանվերներ, որոնց գինը, մեղմ ասած, այդքան էլ մատչելի չէր (մրցույթի լոգոտիպով կրծքանշանի գինը սկսում էր 1000 դրամից):

Ամենամեծ հուսախաբությունը եղավ հատուկ հյուրի՝ Շվեդիայից ժամանած Մոլի Սանդենի առումով, ում հայ երաժշտասերները այդքան էլ ծանոթ չէին, չնայած Եվրոպայում նրա շատ հայտնի լինելուն: Այնուամենայնիվ Սանդենին Հայաստանում այժմ արդեն ճանաչում են:

Շատերը երևի կհարցնեն՝ ի՞նչ բերեց Հայաստանին «Մանկական Եվրատեսիլ 2011»-ը: Նախ այն ավելի ճանաչելի դարձրեց Հայաստանը Եվրոպայի համար: Շատերը թյուր կարծիք ունեին Հայաստանի մասին, իսկ հետո համացանցում հայտնված գրառումները ցույց տվեցին, որ Հայաստանը նրանց դուր է եկել: Օտարերկրացի լրագրողների հիմնական գրառումն էին «Տխուր եմ, որ հեռանում եմ Հայաստանից» կամ «Ցանկանում եմ ետ վերադառնալ Երևան»:

Երկրորդը, որ այն Հայաստանին նմանօրինակ մրցույթ կազմակերպելու մեծ փորձառություն բերեց, չնայած որ այնտեղ ներգրավված էր արտասահմանցի մասնագետների մեծ թիմ:

Երրորդը, որ Հայաստանը ցույց տվեց, որ ի վիճակի է հյուրընկալել մեծամաշտաբ միջազգային մրցույթներ:

Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News
ՖՈՏՈՇԱՐՔ