6 դեկտեմբերի 2011 - 16:57 AMT
ՖԱՖ-ը դեկտեմբերի 9-ին կազմակերպելու է երթ` ի պաշտպանություն «Հրազդան» մարզադաշտի

Դեկտեմբերի 9-ին երկրպագուների ՖԱՖ (Առաջին հայկական ճակատ) շարժումը Վարդան Մամիկոնյանի արձանից երթով շարժվելու է դեպի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, այնուհետև՝ Երևանի քաղաքապետարան և ՀՀ կառավարության շենք: Երթի ժամանակ երկրպագուները այս երեք մարմիններին հանձնելու են բաց նամակ հետևյալ գրությամբ.

«Խնդրում և պահանջում ենք, որ վերականգնվի «Հրազդան» մարզադաշտի համալիրում առկա ընդհանուր օգտագործման խնդրո առարկա հողատարածքի (1,047 հա) գործառնական նշանակությունը՝ խառը կառուցապատվողից սպորտայինի, ինչպես նաև՝ անվավեր ճանաչվի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տաղավարային տոնավաճառի և հարակից մարզումային դաշտերի տարածքում (1,047 հա) մինչև 20,0 մ բարձրությամբ շինության կառուցման համար: Խնդրում և պահանջում ենք, որպեսզի «Հրազդան» մարզադաշտը կրկին ընդգրկվի Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում»:

Երևանի քաղաքապետարանի որոշմամբ «Հրազդան» մարզադաշտի տարհանման գոտում նախատեսվում է կառուցել 20 մետր բարձրությամբ առևտրի կենտրոն: Ամեն 1000 մարդու անվտանգ տեղաշարժը ապահովելու համար պահանջում է 0,7-0,9 հա ազատ տարածություն, իսկ կառույցի առկայության դեպքում այդ չափանիշները անհնար կլինի ապահովել: