
Սերբիան ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի պատվիրակության ղեկավարների և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, որը կատարվեց դեկտեմբերի 6-7-ին Վիլնյուսում կայացած ԵԱՀԿ ԱԳՆԽ 18-րդ նիստի շրջանակում:
Սերբիայի ԱԳՆ դեկտեմբերի 7-ի հայտարարության մեջ ընդգծվում է, որ 2009 թվականին Աթենքում ԵԱՀԿ ԱԳՆԽ 17-րդ նիստին մասնակցած բոլոր երկրները, այդ թվում և Սերբիան, օժանդակեցին ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Խորհրդի հայտարարությունը «ուժի չկիրառման և կիրառման սպառնալիքի անթույլատրելիության, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի ու հավասար իրավունքների» հիման վրա:
«Սերբիայի այդ դիրքորոշումն անփոփոխ կմնա, երբ երկիրն ընդունի նախագահությունը ԵԱՀԿ-ում»,- ասվում է հայտարարության մեջ:
Վիլնյուսում ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, ինչպես նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Եվրոպայի հարցերով ֆրանսիական նախարար Ժան Լեոնետին հանդես են եկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շարունակման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ:
«Մենք մեր հավատարմությունն ենք հայտնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացի շարունակմանը: Նշում ենք նաև հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության նոր մեխանիզմների ձևավորման անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Անդրադառնալով Կազանում հանդիպման ձախողմանը` համանախագահներն ափսոսանք են հայտնել, «որ հակամարտության կողմերը չեն կարողանում որոշիչ քայլեր ձեռնարկել խնդրի խաղաղ լուծման ուղղությամբ»: Համանախագահները նաև ուշադրություն են դարձրել 2011թ. մարտին Սոչիում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում շփման գծում դիպուկահարների հեռացման և ռազմագերիների փոխանակության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը: