ՀՀ սփյուռքի նախարարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով «Մովսես Խորենացի» մեդալով պարգևատրված բարերար Վարդ Ալեքսանյանի (Եգիպտոս) և հայագետ, մանկավարժ Հակոբ Չոլաքյանի (Սիրիա) պարգևների հանձման հանդիսավոր արարողությունը:
Նախարարությունից հայտնում են, որ ջերմորեն ողջունելով սփյուռքահայ անվանի գործիչներին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է Ալեքսանյանի և Չոլաքյանի երկարամյա ազգանվեր գործունեությունը:
Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի առթիվ, հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, Հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի եւ օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար` Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Վարդ Ալեքսանյանին և Հակոբ Չոլաքյանին պարգևատրել է «Մովսես Խորենացի» մեդալով:
Սիրով և հպարտությամբ հանձնելով ՀՀ Նախագահի պարգևը` նախարար Հակոբյանը շնորհավորել է սփյուռքահայ բարերարին և հայագետ, մանկավարժին` նշելով. «Հայրենիքից դուրս հայ մնալը հերոսություն է, Հայրենիքից դուրս հայրենասեր լինելը` խիզախություն, իսկ Հայերենիքից դուրս Հայրենիքին ծառայելը` զոհաբերություն»: