«Բոլորը գիտեն ղարաբաղյան խնդրի մասին՝ պետք չէ մոռանալ մեր պատմության արյունալի էջերը: Այդ խնդիրը երիտասարդ սերունդն է լուծելու: Մինչ դեսպան դառնալը, ես կարծում էի, որ այդ խնդրի լուծումը հնարավոր է միայն ուժային ճանապարհով: Սակայն, կա այնպիսի հասկացություն, ինչպիսին է «ժողովրդական դիվանագիտությունը»: Ես այցելեցի Լեռնային Ղարաբաղ: Դա հեշտ չէր, սակայն, ես հասկանում էի, որ հենց այդպես մենք կարող ենք ինչ-որ բանի հասնել»: Ինչպես հայտնում է vesti.az-ը, այդ մասին ասել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին՝ ելույթ ունենալով Մոսկվայում ընթացող «ԱՊՀ երիտասարդությունը հանրային դիվանագիտության ապագա» համաժողովի մասնակիցների առջև:
Ըստ նրա, նա երբեք չի մոռանա այն օրը, երբ ԱՊՀ սիմֆոնիկ նվագախումբը ելույթ էր ունենում Բաքվում ու Երևանում: «Վերջին 20 տարում հայ երաժիշտներն երբեք չէին նվագել ադրբեջանական բեմում, իսկ ադրբեջանցիները՝ Երևանում: Գիտեք, երբ առաջացավ այդ համերգները տալու գաղափարը, երաժիշտների ծնողներն անհանգստացան: Ես իմ գործընկեր Արմեն Սմբատյանի հետ մեկնեցի Երևան և Բաքու, մենք դարձանք մեր երիտասարդների անվտանգության յուրօրինակ երաշխավորները: Երիտասարդ հայ երաժիշտները առաջին անգամ տեսան մեր քաղաքը, իսկ ադրբեջանցիները զարմացան, երբ նրանց դրական ընդունեցին երևանյան շուկաներում: Կարևորը դա չէ, կարևորն այն է, որ նրանք կարողացան լսել միմյանց ու հասկանալ հակամարտության էությունը»:
Բյուլբյուլօղլին նշել է, որ ուղևորությունները Ղարաբաղ ու Երևան Բաքվում դիմավորեցին բողոքի ցույցերով: «Սակայն մենք կշարունակենք այդ գործը, որպեսզի մեր երիտասարդ սերունդը կարողանա լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը»,-ասել է դեսպանը: