Հայաստանի Բնապահպանության նախարարությունում նախարար Արամ Հարությունյանի գլխավորությամբ այսօր կազմակերպվել է Հրազդանի երկաթի հանքավայրի հետ կապված բնապահպանական հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացված մի շարք հարցերի քննարկում:
Նախարարությունից հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են Հանրային խորհրդի անդամներ, ԱԺ պատգամավոր, «Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ի մասնագետներ` տնօրենի գլխավորությամբ, բնապահպանական հասարակական կազմակերպությունների, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ինչպես նաև` ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչներ:
Հանդիպման ժամանակ քննարկվող հիմնական հարցերը կապված են եղել հանքի շահագործման դեպքում ջրային ռեսուրսների և շրջակա միջավայրի աղտոտման ռիսկերի հետ: Հասարակական կազմակերպությունները արտահայտել են իրենց մտահոգությունը, որ այդ տարածաշրջանում հանքարդյունաբերության առկայությունը կըխոչնդոտի էկոտուրիզմի զարգացմանը: Ներկայացվել է, որ տարածքի բնակչությունն արդեն իսկ դժգոհում է կատարվող հորատումների առիթով, որոնք իրականացվում են առանց բնակիչների հետ համապատասխան պայմանագրեր կնքելու:
«Ֆորչն Ռիզորսիս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ջ. Գորմանը տեղեկացրեց, որ մշակվում է հանքը շահագործելու նոր նախագիծ, ինչը պետք է ներկայացվի բոլոր տեսակի փորձաքննությունների, այդ թվում նաև` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ամփոփելով քննարկումը, հավաստիացրել է, որ երբ ՀՀ բնապահպանության նախարարությունը կստանա համապատասխան շահագործման նախագիծ, օրենսդրությամբ սահմանված կարգով նախագիծը կանցնի փորձաքննություն, որի մասն են կազմում նաև հանրային իրազեկումը, մասնակցության ապահովումը և հասարակական լսումները: