Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադդաֆիի դստեր՝ Այշիի փաստաբանը դիմել է Միջազգային քրեական դատարան՝ կոչ անելով հետաքննել իր հոր և եղբոր մահը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Այշա Քադդաֆիի փաստաբան Նիկ Կաուֆմանը նշել է, որ Քադդաֆին և նրա որդին՝ Մութասիմը «սպանվեցին ահասարսուռ կերպով, իսկ հետո նրանց մարմինները համընդհանուր տեսության դրվեցին ու պղծվեցին, ինչը հակասում է իսլամական օրենքներին»: «Այդ դաժան կադրերը ցուցադրվեցին ողջ աշխարհով մեկ՝ ուժգին բարոյական վնաս հասցնելով իմ հաճախորդին»,-գրել է Կաուֆմանը:
Նոյեմբերի վերջում Քադդաֆիի դուստրը կոչ արեց լիբիացիներին տապալել Անցումային ազգային խորհրդի իշխանությունը: «Իմ հայրը չի լքել մեզ, նա միշտ մեզ հետք է: Մի մոռացեք նրա հրամանները, որոնց համաձայն դուք պետք է շարունակեք պայքարել, նույնիսկ եթե չեք լսում նրա ձայնը»,-հայտարարել է Այշա Քադդաֆին 40-ամյա սուգի ավարտից հետո: Ըստ նրա, Լիբիայի ներկայիս իշխանությունները «ժամանել են ՆԱՏՕ-ի ինքնաթիռներով»:
Ռեժիմի տապալումից հետո Այշան, նրա մայրը և երկու եղբայրները թաքնվեցին հարևան Ալժիրում: