15 դեկտեմբերի 2011 - 13:44 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
2011թ. հայ ծանրորդները 55 մեդալ են նվաճել Եվրոպայի և աշխարհի առաջնություններում

2011թ. հայ ծանրորդները Եվրոպայի և աշխարհի առաջնություններում 55 մեդալ են նվաճել, որոնցից 17 ոսկի, 13 արծաթ և 25 բրոնզ: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը նշել է, որ 2010թ. համեմատ, երբ հայ ծանրորդներին հաջողվեց նվաճել շուրջ 70 մեդալ, նա դժգոհ է արդյունքներից: «Աշխարհի վարկանիշային առաջնությունում մեր ծանրորդներն անհաջող ելույթ ունեցան, սակայն, գլխավորն այն է, որ տղամարդկանց հավաքականը կարողացավ 4 վարկանիշ ապահովել, իսկ կանանցը՝ 2: Սակայն բոլոր նախաօլիմպիական խաղերում լինում է նման լարվածություն և արդյունքները այնքան էլ լավը չեն լինում»,-ասել է Խաչատրյանը:

Սակայն, ըստ ֆեդերացիայի ղեկավարի, ուրախալի է այն փաստը, որ պատանեկան ու երիտասարդական առաջնություններում հայ ծանրորդները լավ ելույթ ունեցան ու կարողացան բազմաթիվ մեդալներ նվաճել: «2011թ. առաջին անգամ աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանը ոսկե մեդալ նվաճեց: Չեմպիոն դարձավ Գոռ Մինասյանը, այդ առաջնությունում հաջողվեց նվաճել ևս 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Մինասյանը Եվրոպայի առաջնությունում 181 կգ բարձրացրեց «պոկում» վարժությունում և աշխարհի ռեկորդ սահմանեց: Համաշխարհային ունիվերսիադայում Աղասի Աղասյանը կարողացավ հաղթող դառնալ, իսկ Հայկ Հակոբյանը մրցակցի որակազրկման պատճառով բարձրացավ 3-րդ տեղը:

Կազանում կայացած մեծերի առաջնությունում Արայիկ Միրզոյանն ու Էլեն Գրիգորյանը նվաճեցին արծաթե մեդալներ, իսկ Գևորգ Պողոսյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը՝ բրոնզե: Աշխարհի առաջնությունում ամենաբարձր՝ 4-րդ տեղը գրավեց Տիգրան Մարիտրոսյանը: «Պոկում» վարժությունում նա գոհացավ փոքր բրնզե մեդալով:

ՖՈՏՈՇԱՐՔ