17 դեկտեմբերի 2011 - 13:07 AMT
Ռուբեն Հայրապետյան. Դարպասապահ Ապուլա Էդել Բետեն կրկին հանդես կգա Հայաստանի հավաքականի կազմում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն, ամփոփելով 2011 թվականը, նշեց, որ ազգային հավաքականն անցնող տարում ունեցավ ինչպես բացթողումներ, այնպես էլ նվաճումներ:

«Եվրոպայի առաջնության ընտրական փուլում մեր հավաքականը շատ մոտ էր եզրափակիչ դուրս գալուն, սակայն չստացվեց: Չնայած դրան, մեր թիմը լավ խաղ ցուցադրեց և ուրախացրեց բոլոր երկրպագուներին»,-ասել է Հայրապետյանը:

Հայաստանի հավաքականը կսկսի պատրաստվել 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլին փետրվարին և ուսումնամարզական հավաք կանցկացնի Կիպրոսում: Մինչ Մալթայի հետ խաղը, որը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին, Հայաստանի հավաքականը 4 ընկերական խաղ կանցկացնի: Ըստ ՀՖՖ ղեկավարի, դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա և նա չի կարող նշել մրցակիցների անունները:

ԱԱ ընտրական փուլի խաղերի օրացույցի մասին Հայրապետյանն ասել է հետևյալը. «Մենք ստիպված ենք լինելու խաղալ բոլոր մրցակիցների հետ: Սակայն, քանի որ մեր հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկին որակազրկվել է և բաց է թողնելու այդ խաղը, ավելի լավ է խաղալ Մալթայի, քան Դանիայի կամ Իտալիայի հետ:

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը նշել է, որ, հաշվի առնելով հավաքականի լավ ելույթը ԵԱ-2012 խմբային փուլում և ծանոթ լինելով խաղացողների ներուժին, նա կարող է առաջին տեղն ակնկալել խմբում: «Ես միշտ շատ լավ եմ գնահատում մեր հավաքականի շանսերը, սակայն սա ֆուտբոլ է, միշտ չի ստացվում այնպես, ինչպես ցանկանում ես: Սարգիս Հովսեփյանը և մյուս բոլոր խաղացողները հանդես կգան հավաքականում այնքան ժամանակ, քանի դեռ մարզիչը չի որոշել, որ ինչ-որ մեկը չի համապատասխանում թիմին: Իսկ եթե մենք երկարացրել ենք պայմանագիրը Վարդան Մինասյանի հետ, նշանակում է, լավ ենք գնահատում նրա աշխատանքը»,-ասել է Հայրապետյանը:

Նա նաև ասել է, որ Հայաստանի հավաքականում կրկին հանդես կգա դարպասապահ Ապուլա Էդել Բետեն, որը պաշտպանել է հավաքականի դարպասները 2004-2005թթ.«Մեր հիմնական դարպասապահը Բերեզովսկին է, իսկ Բետեն կնստի պահուստայինների նստարանին, եթե անհրաժեշտ լինի, կպաշտպանի դարպասները»:

Հայրապետյանը նշել է, որ Թուրքիայում Հայաստանի հավաքականը ընկերական խաղեր այլևս չի անցկացնի: