21 դեկտեմբերի 2011 - 11:03 AMT
Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն երիտասարդ աստղագետը

Դեկտեմբերի 19-ին ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում հանձնվել է երիտասարդ աստղագետների համար սահմանված Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) Երվանդ Թերզյանի անվան 2011թ. տարեկան մրցանակը:

Այս անգամ մրցանակին արժանացել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի երիտասարդ աստղագետ Մարինե Ավթանդիլյանը, ով նաև համատեղ աշխատում է Բյուրականի աստղադիտարանի հետ։ Նա բարձր ակտիվություն է ցուցաբերել 2011թ. ընթացքում. հրապարակել է երկու գիտական հոդված, որոնցից մեկը` եվրոպական հեղինակավոր «Astronomy & Astrophysics» ամսագրում, իսկ մյուսը` ՀՀ ԳԱԱ «Աստղաֆիզիկա» հանդեսում, հրատարակության է պատրաստել ևս մեկ հոդված, զեկուցումով հանդես է եկել ԱՊՀ երկրների երիտասարդ աստղագետների կոնֆերանսում, Կամո Գիգոյանի ղեկավարությամբ դարձել է Բյուրականի աստղադիտարանի հայցորդ և թեկնածուական թեզ է պատրաստում ածխածնային աստղերի ուսումնասիրության թեմայով, անդամագրվել է Հայկական աստղագիտական ընկերությանը և Իսահակ Նյուտոնի միջազգային ինստիտուտի հայկական մասնաճյուղին:

ՀԱԸ մրցանակային գումարը կազմում է 500 ԱՄՆ դոլար և հովանավորվում է ՀԱԸ համանախագահ, ամերիկահայ նշանավոր աստղագետ Երվանդ Թերզյանի կողմից: Երիտասարդ աստղագետների տարեկան մրցանակը սահմանվել է 2004թ. ՀԱԸ կողմից և տրվում է տարվա ընթացքում ամենամեծ գիտական հաջողությունների հասած մինչև 35 տարեկան աստղագետներին։ 2004-2011թթ. մրցանակին արժանացել են 9 երիտասարդ գիտաշխատողներ (3 անգամ մրցանակը կիսվել է երկուական հոգու միջև), այդ թվում` Լուսինե Սարգսյանը և Փառանձեմ Սինամյանը մրցանակին արժանացել են երկուական անգամ: