Անկարան պատրաստ է պատժամիջոցներ ընդունել Փարիզի դեմ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկության պատճառով: Այդ մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Վաղվա քվեարկությունից հետո ես հայտարարությամբ հանդես կգամ: Կհայտնեմ, թե մենք ինչ ենք մտադիր անել առաջին հերթին, ինչ միջոցներ կձեռնարկվեն երկրորդ և երրորդ փուլում»,-ասել է նա: Թուրքիայի վարչապետը նշել է, որ օրինագծի քննարկումը կապված է Նիկոլյա Սարկոզիի սեփական վարկանիշը բարձրացնելու ցանկության հետ: «Հիշեցնեմ, որ Ֆրանսիայում ապրում է 500 հազար հայ և 550 հազար թուրք: Բացի այդ, հավանաբար, ևս 2,3,4 մլն դմարդ Ֆրանսիայում կիսում է մեր տեսակետը: Եթե օրինագիծն անցնի, բողոքները կուժգնանան նաև այդ պետության քաղաքացիների թվում»,-հայտարարել է նա: Էրդողանը նաև «դիվանագիտական սխալ է» համարել այն, որ Սարկոզին ոչ մի անգամ կապ չհաստատեց Աբդուլլահ Գյուլի հետ: «Միջազգային դիվանագիտության մեջ նման սխալնել ու բացթողումներ չեն արվում»,-ասել է վարչապետը:
Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը կդիտարկվի Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Բանաձևը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիան սպառնացել է հետ կանչել դեսպանին Փարիզից, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն տա այդ օրենքին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն Ֆրանսիային սպառնացել է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ֆրանսիական սենատը հավանություն տա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևին: Դավութօղլուն նշել է նաև, որ Ֆրանսիայում այդ օրինագծի ընդունման դեպքում Թուրքիան պատասխան քայլերի կդիմի և խորհրդարանի դիտարկմանը կառաջադրի օրինագիծ «1945թ. Ալժիրում Ֆրանսիայի գործած ցեղասպանության ճանաչման մասին, որի ժամանակ 45 000 տեղական բնակիչներ են զոհվել»:
ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուն իր հերթին Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևի հնարավոր ընդունման համար և Փարիզի ու Անկարայի միջև հարաբերությունների վատթարացման «պատասխանատվությունը» բարդում է երկրի նախագահ Նիկոլյա Սարկոզիի վրա:
Հարկ է նաև նշել, որ Ադրբեջանը նույնպես հայտարարել է, որ բանաձևի ընդունումը բացասաբար կանդրադառնա Բաքվի և Փարիզի փոխհարաբերությունների վրա: