ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն այսօր նամակ է հղել Ֆրանսիայի ԱԺ նախագահ Բեռնար Ակկուայեին Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ:
«Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմամբ Ֆրանսիայի Ազգային ժողովը մեկ անգամ ևս ապացուցեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին և մարդու իրավունքների հայրենիք լինելու իր բարձր համարմանը»,- գրել է Նիկոյանը` հույս հայտնելով, որ Սենատը ևս կմիանա Ազգային ժողովի կողմից ընդունված օրինագծին, և Ֆրանսիան կհամալրի այն երկրների ցանկը, որոնք օրենսդրական ճանապարհով ամրագրել են, որ մարդկության դեմ գործված ոճիրները չունեն վաղեմության ժամկետ, և որ դրանց դատապարտմամբ է հնարավոր կանխել մարդկության դեմ նոր ոճիրները:
«Մեծարգո պարոն նախագահ, թույլ տվեք Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի անունից մեր երախտիքի խոսքն ուղղել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներին, բոլոր նրանց, ովքեր պայքարում են, որ այլևս երբեք չգործվի նման սարսափելի ոճիր մարդկության դեմ, բոլոր նրանց, ովքեր անթույլատրելի են համարում ուրացման ամենավտանգավոր ձևը` պետական ուրացումը, բոլոր նրանց, ովքեր կարևորում են արդարությունն ու համամարդկային արժեքները, վերջապես բոլոր նրանց, ովքեր ձգտում են մեր տարածաշրջանում համապարփակ խաղաղության, բաժանարար գծերի վերացման և ժողովուրդների հաշտեցման»,- նշել է ԱԺ նախագահը: