27 դեկտեմբերի 2011 - 12:05 AMT
«Նեզավիսիմայա գազետա». Մոսկվան պետք է հաշվի առնի Թուրքիայի ազդեցության աճը

«Թուրքիան, որի հետ Ռուսաստանը բավականին լավ հարաբերություններ ունի, գնալով ավելի շատ է դրսևորում իրեն այն տարածաշրջանում, որտեղ Ռուսաստանը ավանդական շահեր ունի: Մոսկվան պետք է հաշվի առնի այդ գործոնը, քանի որ Թուրքիան ակտիվացել է ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլ նաև հետխորհրդային տարածքում, մասնավորապես թրքալեզու երկրների հետ հարաբերություններում»,-գրում է «Նեզավիսիմայա գազետան»:

Ըստ պարբերականի, համաշխարհային ասպարեզում Թուրքիայի առավել հաստատուն դարձած ձայնի հիմքում նրա աճող տնտեսական հզորությունն է, միջազգային ազդեցությունը:

«Թուրքիան ետ մղեց Եգիպտոսին առաջատար տերության դիրքերից: Հանուն դրա Անկարան հեշտությամբ հրաժարվեց իր տնտեսական ու ռազմական կապերից Իսրայելի հետ: Մի կողմ է դրվել նաև Անկարայի «զրո խնդիրներ հարևանների հետ» թեզը: Այժմ Անկարան ակտիվորեն մասնակցում է Սիրիայի իրադարձություններին»,-ասվում է հոդվածում:

Սակայն, ինչպես գրում է պարբերականը, հետագա թուրքական ներգրավումը Սիրիայի գործերի մեջ կարող է վատթարացնել նրա հարաբերությունները մեկ այլ հարևանի՝ Իրանի հետ:

Թուրքիայի ակտիվության ևս մեկ պատճառ է այն, որ Թուրքիան թվաքանակով երկրորդ ամենամեծ բանակն ունի ՆԱՏՕ-ում: