Դեկտեմբերի 25-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգեն աբեղա Սալբիյանի, Թբիլիսիի Առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի և Ախալցիխեի շրջանի հայկական գյուղերի հոգևոր հովիվ Տեր Մովսես քահանա Մանուկյանի, վերաօծվել է Ախալցիխեի շրջանի Փոքր Պամաճ գյուղի 19-րդ դարի սկզբին կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին:
1993 թվականին, տեղի բնակիչ Հովհաննես Մանուկյանի նախաձեռնությամբ, եկեղեցին նորոգվել է և 1995 թվականից սկսել է գործել: Սակայն տարիների ընթացքում եկեղեցին հիմնանորոգման կարիք ուներ և այդ բարի առաքելությունն ստանձնեցին արմատներով փոքրպամաճցի Անդրանիկ և Խաչատուր Բաբոյանները և Ռուբեն Սահակյանը:
Եկեղեցու վերաօծման սրբազան արարողության ավարտին անմիջապես հաջորդել է Սուրբ Պատարագի մատուցումը: Հավարտ Սուրբ Պատարագի Թեմակալ Առաջնորդը շնորհավորեց ազգաբնակչությանը, խոսեց եկեղեցու ինչպես հոգևոր, այնպես էլ ազգային դերակատարության կարևորության մասին և բարձր գնահատելով երիտասարդ բարերարների նվիրական աշխատանքը, նրանց փոխանցեց հուշանվերներ և Օրհնության գիր: Միջոցառման ավարտին տեղի ունեցավ մատաղի օրհնություն և համընդհանուր տոնախմբություն: