27 դեկտեմբերի 2011 - 16:44 AMT
ՀՀ նախագահ. Հայաստանը կարևորում է Ծոցի երկրների հետ հարաբերությունների զարգացումը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության նորանշանակ դեսպան Բասամ Մուհամմադալ-Քաբանդինը, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանն անկախացումից ի վեր մեծ նշանակություն է տվել Ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացմանը: Նախագահի խոսքով, Քուվեյթում Հայաստանի դեսպանության և Հայաստանում Քուվեյթի դեսպանության հիմնումը վկայում են երկու երկրների միջև բոլոր ուղղություններով հարաբերությունների խորացման փոխադարձ ցանկության մասին:

Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինը նշել է, որ իբրև Հայաստանում Քուվեյթի առաջին դեսպան՝ իր երկրի կառավարության կողմից հանձնարարություն ունի ջանքեր գործադրել բոլոր ուղղություններով Հայաստանի հետ զարգացնելու հարաբերությունները: Զրուցակիցները կարևորել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, ակտիվ համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակում, երկու երկրների միջև տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում սերտ փոխգործակցությունը: