
ՆԱՏՕ-ում Ռուսաստանի նախկին մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը նախորդ գիշեր երկու բարդի է տնկել Բելգիայի մայրաքաղաքի իր նախկին նստավայրի տարածքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ռոգոզինը, ով չորս տարի գլխավորել է Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը ՆԱՏՕ-ում և վերջերս է նշանակվել խորհրդարանում ռազմաարդյունաբերական համալիրի համար պատասխանատու փոխվարչապետ, երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի շտաբի տարածքում կտնկի բարդի` ի հիշատակ Բրյուսելում անցկացրած օրերի: «Որոշեցի ինչ-որ բարի բան թողնել ի հիշատակ ՆԱՏՕ-ում իմ աշխատանքի, այդ պատճառով էլ տնկեցի բարդին: Կարծում եմ հենց ՆԱՏՕ-ում է բարդու տեղը»,-գրել է Ռոգոզինը Twitter-ի իր միկրոբլոգում:
Լրագրողները այդ մտադրության մեջ գտել են խորհրդանշական իմաստ, քանի որ «բարդի (տոպոլ)» անվանումն է կրում ռուսական հրթիռային համակարգը, որը ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքրերի հիմնական ուժն է:
Սակայն ՆԱՏՕ-ի վարչակազմը չի թույլատրել իր շտաբի տարածքում բարդի տնկել, ինչին Ռոգոզինն արձագանքել է միանգամից երկու ծառ տնկելով, սակայն իր նախկին նստավայրի տարածքում: «Քանի որ ՆԱՏՕ-ում ուրախ չէին իմ բարդուն, ես որոշեցի տնկել այնտեղ միանգամից երկուսը: Ձախակողմյանը պարզապես բարդի է, աջակողմյանը` բարդի-Մ՝ (տոպոլ-Մ)»,-գրել է Ռոգոզինը և Twitter-ում հրապարակել լուսանկարներ, որտեղ տնկում է երկու ոչ մեծ ծառ:
Հարկ է նշել, որ Ռոգոզինը նախկինում ևս տարբերվել է հումորի օրիգինալ զգացումով: Այսպես, 2008թ հունվարին այն ժամանակվա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սհեֆֆերին հավաստագրերի հանձնման ժամանակ, Ռոգոզինը նրան նվիրել էր դրվագազարդ տոմահավկ (Նման անվանում էին կրում նաև ամերիկյան թևավոր հրթիռները): ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչն այն ժամանակ հույս էր հայտնել, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը «այն կթաղի` ի նշան Ռուսաստանի և ՆԱՏՕ –ի միջև հակամարտությունների դադարեցման»: