2012թ. Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից կլինի անվտանգության ամրապնդումը, հարաբերությունների խորացումը ռազմավարական գործընկերների, մասնավորապես ՌԴ հետ, հարաբերությունների ակտիվացումն ԱՄՆ-ի ու տարածաշրջանի երկրների հետ, ղարաբաղյան հարցն ու եվրաինտեգրման խնդիրները: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը 2011թ. արդյունքներին նվիրված մամլո ասուլիսում:
Այս տարի ակնկալվում է, որ Հայաստանը կակտիվացնի հարաբերությունները Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի ու Լատինական Ամերիկայի երկրների հետ: «Այս տարի շեշտը կդրվի նշված երկրների հետ հարաբերությունների խորացման վրա»: Անդրադառնալով ակնկալիքներին առաջիկա տարվանից՝ նախարարը հույս է հայտնել, որ կզարգանան Հայաստանի հարաբերությունները ԵՄ հետ, մասնավորապես, Ասոցացման մասին պայմանագրի շրջանակներում: «Այս տարի մենք բանակցություններ կսկսենք վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ, հուսով եմ, նաև ազատ առևտրի գոտիների ստեղծման շուրջ»,-ասել է նախարարը:
Այս տարի Հայաստանը կվարի երկրի հեղինակության բարձրացմանն ու միջազգային ատյաններում ու կազմակերպություններում նրա դերի ակտիվացմանն ուղղված քաղաքականություն: