16 հունվարի 2012 - 15:42 AMT
Հայաստանի նախագահին կոչ են արել օգնել Սիրիայի հայերին տեղափոխվել պատմական հայրենիք

Ժողովրդների իրավունքների պաշտպանության միջազգային շարժման համակարգողներ Պավել Զարիֆուլինն ու Բեսլան Կոբախիան, մտահոգված լինելով Սիրիայում բնակվող կովկասյան ժողովրդների համայնքների, այդ թվում հայ համայնքի ճակատագրով, դիմել են նամակով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, հայտնում է Georgia Times-ը:

Նամակում մասնավորապես ասվում է.«Հարգելի նախագահ, պարոն Սերժ Սարգսյան, Ժողովրդների իրավունքների պաշտպանության միջազգային շարժումը տագնապով և մտահոգությամբ է հետևում Սիրիայում կատարվող ողբերգական իրադարձություններին: Ամեն օր այդ երկրից տխուր նորություններ են գալիս մարդկային զոհերի մասին: Որոշ տվյալներով, հակամարտության սկզբից ի վեր արդեն 5 հազար մարդ է զոհվել:

Սիրիայում բնակվում են կովկասյան բազում ժողովրդների ներկայացուցիչներ: Միայն չերքեզական համայնքը հասնում է մոտ 150 հազարի, արդեն կան զոհեր: Ժողովրդների իրավունքների պաշտպանության միջազգային շարժումը դիմել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին, Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբին, Ադիգեի նախագահ Ասլան Տխակուշինովին, Կաբարդինո Բալկարիայի Հանրապետության նախագահ Արսեն Կանոկովին, Կարաչաեվո-Չերքեսիայի նախագահ Ռաշիդ Տեմրեզովին՝ խնդրելով ուշադրություն դարձնել հայրենակիցների ծանր վիճակին անկարգություններով համակված երկրում և անհրաժեշտ աջակցություն ցույց տալ նրանց:

ՌԴ ղեկավարությունը, Աբխազիայի Հանրապետության ղեկավարությունը, ՌԴ կազմում ընդգրկված հյուսիսկովկասյան հանրապետությունների ղեկավարները հայտարարել են, որ պատրաստ են անհրաժեշտ օգնություն ցույց տալ ծանր վիճակում հայտնված հայրենակիցներին: Այդ երկրներն այժմ քննարկում են հայրենադարձներին իրենց տարածքում ընդունելու հնարավորությունը:

Միևնույն ժամանակ ԶԼՄ-ներից հայտնի է դարձել, որ ապակայունացման պատճառով սիրիահայերը ցանկություն են հայտնել վերադառնալ իրենց պատմական հայրենիք՝ Հայաստանի Հանրապետություն:

Դիմում ենք Ձեզ, պարոն նախագահ, կոչ անելով անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել բարդ իրավիճակում գտնվող ձեր հայրենակիցներին և վստահ ենք, որ Սիրիայի համար այս ծանր պահին հայ համայնքի ներկայացուցիչները անուշադրության չեն մատնվի իրենց պատմական հայրենիքում: Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք Ձեզ հետ միասին դիմել բոլոր միջազգային կառույցներին՝ կոչ անելով օգնել մարդկանց, ում իրական վտանգ է սպառնում»: