16 հունվարի 2012 - 15:45 AMT
Հայաստանի ֆինանսների նախարարություն. Հայաստանում 2011թ. տնտեսական աճը կկազմի 4,6 տոկոս

Հայաստանում 2011թ. ընթացքում տնտեսական աճը կկազմի 4,6 տոկոս: Այդ մասին ասվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից 2011 թվականի ընթացքում կատարված աշխատանքների և դրանց արդյունքների մասին հաշվետվության մեջ: Գերատեսչության գնահատմամբ, 2011թ. ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը կկազմի 105.7 տոկոս: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2011թ. արդյունքներով կկազմի շուրջ 3201 ԱՄՆ դոլար:

Ինչպես նշվում է աղբյուրում, 2011թ. արդյունքներով արդյունաբերության ճյուղի տնտեսական աճին նպաստումը կկազմի 1.7, իսկ ծառայությունների և գյուղատնտեսության ճյուղերինը` 1.6-ական տոկոսային կետ: Անկում կարձանագրվի միայն շինարարության ոլորտում (բացասական նպաստումը տնտեսական աճին` շուրջ 0.7 տոկոսային կետ):

2011թ. պետական բյուջեի եկամուտները (առանց դրամաշնորհային ծրագրերով ստացված միջոցների և արտաբյուջեի) կազմել են 825.36 մլրդ. դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 12.5 տոկոսով: 2011թ. պետական բյուջեի ընդամենը ծախսերը (առանց արտաքին աղբյուրներից ստացված վարկային և դրամաշնորհային ծրագրերով կատարված հատկացումների և արտաբյուջեի) կազմել են 890.1 մլրդ դրամ` նախորդ տարվա նկատմամբ աճելով 6.5 տոկոսով: Պետական բյուջեի պակասուրդը (առանց դրամաշնորհային, վարկային ծրագրերի և արտաբյուջեի) 2011թ. արդյունքներով կկազմի ՀՆԱ-ի 1.7 տոկոսը` նախորդ տարվա 2.9 տոկոսի դիմաց:

Ըստ գնահատականների պակասուրդը ներառյալ դրամաշնորհային, վարկային ծրագրերը կկազմի 3.3 տոկոս, նախորդ տարվա 5 տոկոսի և նախատեսված 3.9 տոկոսի դիմաց:

«Հաշվետու տարվա ընթացքում հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված էր մակրոտնտեսական կայունության և տնտեսական աճի ապահովմանը, որը բնութագրվել է հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների հաշվեկշռված իրականացմամբ»,- նշվում է հաշվետվության մեջ: