Հունվարի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանի հարցով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտին: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Եվրոպայի Խորհրդի դերը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում: Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է իրականացնել Եվրոպայի Խորհրդի առաջ ստանձնած իր պարտավորությունները` հիմնված ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության վրա:
Ջոն Պրեսկոտն իր հերթին դրական է գնահատել ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում Հայաստանում արձանագրված առաջընթացը:
Զրուցակիցները անդրադարձել են առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային խնդիրներ: