17 հունվարի 2012 - 09:35 AMT
Սպանված փոխոստիկանապետի հայրը տեղյա՞կ է՝ մարդասպանն ով է

2009 թվականին սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը, երեկ «Հայկական ժամանակին» հայտնել է, որ գտել է որդուն սպանողին: Նրա խոսքով, մարդասպանը այժմ կալանավորված է այլ հացագործության համար:

«Կատարողը իր պատիժը իր ձևով կստանա, բայց ինձ հետաքրքիր են որդուս կյանքը լափողները, այդ ամենը կազմակերպողները: Ես գիտեմ, թե ինչի է մարդասպանը ուրիշ գործով նստած, թե ով է այնպես արել, որ ուրիշ գործով նստի: Այս ամեն ինչը գիտեմ, բայց ես ավելի խորն եմ ուզում հասնել: Ես ուզում եմ հասնել այն մարդկանց, որոնք տեղյակ են այս ամեն ինչից ու լուռ են մնում»,- ասել է սպանված փոխոստիկանապետի հայրը և նշել, որ դեռևս չի հայտնի սպանության կատարողի անունը:

2009 թվականի փետրվարի 3-ին` ժամը 20:15-ի սահմաններում, իր տան մուտքի մոտ` Երեւան քաղաքի Բարբյուսի փողոցի թիվ 65 շենքի 7-րդ հարկի հարթակում, վերելակի դիմաց, անհայտ անձի կողմից դիմահար արձակված հրազենային կրակոցներից դիտավորությամբ սպանվել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գեւորգ Պետրոսի Մհերյանը: Գ.Մհերյանը ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային 4 մարմնական վնասվածք` 1-ը կրծքավանդակի, 3-ը` գլխի շրջանում:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 8 պարկուճ եւ 4 գնդակ:

Ոստիկանապետի տեղակալի սպանության դեպքի առթիվ նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի եւ 235-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ` ներգրավելով ոստիկանության, ազգային անվտանգության, Հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին: