Առանց կուսակցությունների որակական կազմի փոփոխության, 100-տոկոսանոց համամասնական ընտրահամակարգին անցնելը սպասված արդյունք չի տա: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Քրիստոնյա-դեմոկրատական միության ղեկավար Խոսրով Հարությունյանը: Ըստ նրա, 100- տոկոսանոց համամասնական ընտրահամակարգին անցնելը տվյալ պահին կհանգեցնի քաղաքական կոռուպցիոն ռիսկերի մեծացմանը:
Հարությունյանի խոսքով, կուսակցությունների որակական կազմի փոփոխության և նախընտրական ցուցակների բարելավման լավագույն գործող միջոցը կլինի այն դրույթի օրենսդրական ամրապնդումը, որ կառավարությունը պետք է ձևավորվի ԱԺ-ում խորհրդարանական մեծամասնության անդամներից: Նա նաև նկատել է, որ զարգացած ժողովրդավարական երկրներում քաղաքական ուժերը մինչև ընտրությունները իրենց ապագա կառավարության կազմը ներկայացնում են ընտրողների դատին: Հայաստանի Ազգային ժողովը կազմված է 131 պատգամավորներից, որնցից 41-ն ընտրվում է մեծամասնական, իսկ 90-ը` համամասնական համակարգով:
Ընդդիմադիր «Ժառանգություն» և ՀՅԴ կուսակցությունները դեկտեմբերի 27 հանդես են եկել համատեղ հաւտարարությամբ, որտեղ իշխանություններին կոչ են արել չեղյալ հայտարարել մեծամասնական ընտրահամակարգը և անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրահամակարգին: Այդ նախաձեռնությանն իր աջակցությունն է հայտնել ՀԱԿ-ը և ընդդիմադիր այլ ուժեր: