ՖԻՖԱ-յի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն բրազիլական խորհրդարանականներին կոչ է արել արագացնել 2014թ. աշխարհի առաջնության մասին օրենքի ընդունումը: Օրենքը, որի քննարկմանը խորհրդարանականները կվերադառնան փետրվարի 1-ին, պետք է սահմանի մարզադաշտերում ալկոհոլային խմիչքների վաճառքի կանոնադրությունը, ինչպես նաև արտոնյալ և անվճար տոմսերի տրամադրումը ցածր եկամուտներով անձանց և 65 տարեկանից բարձր թոշակառուների համար: Բրազիլիայում սահմանված կարգերի համաձայն, մարզադաշտի արտոնյալ տոմսերի իրավունք ունեն թոշակառուները, ուսանողներն ու արմատական բնակչության ներկայացուցիչները` հնդկացիները: Բրազիլական օրենքներն արգելում են ալկոհոլային խմիչքների վաճառքը մարզադաշտերում. Հարավային Ամերիկայի խոշորագույն երկրում վաղուց արդեն եկել են այն եզրակացությանը, որ տեղի առանց այդ էլ «տաքարյուն» երկրպագուները բոլորովին կարիք չունեն լրացուցիչ «տաքանալու» նաև ալկոհոլով:
Դրա հետ մեկտեղ ՖԻՖԱ-ն պնդում է, որպեսզի աշխարհի առաջնության հանդիպումների ժամանակ թույլատրվի ալկոհոլի վաճառքը և բոլոր տոմսերն առանց բացառության վաճառվեն լրիվ գնով, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Բրազիլական կառավարության վերջին տվյալներով, ֆուտբոլի ԱԱ խաղերի համար նախատեսված 12 մարզադաշտերից 7-ը լիովին պատրաստ կլինեն այս տարվա վերջին: 2013 թվականին այդ մարզադաշտերում կարելի կլինի անցկացնել Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության հանդիպումները: