18 հունվարի 2012 - 12:05 AMT
Ռուբեն Հայրապետյան. Օրերը տաքանալուն պես «Հրազդան» մարզադաշտը կսկսենք պատրաստել Իտալիայի հետ խաղին

2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Իտալիա հանդիպումը հնարավոր է կայանա «Հրազդան» մարզադաշտում: «Ես կարծում եմ ,որ «Հրազդան» մարզադաշտի հարցը փակված է: Օրերը տաքանալուն պես մենք կսկսենք վերակառուցել մարզադաշտը և պատրաստվել Իտալիայի դեմ խաղին»,- իր facebook-ի էջում գրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

2011 թվականին Երևանի քաղաքապետարանի որոշմամբ «Հրազդան» մարզադաշտի տարհանման գոտում պետք է կառուցվեր 20 մետր բարձրությամբ առևտրի կենտրոն: Սակայն այդ որոշումը դժգոհության մեծ ալիք էր առաջ բերել, և Հայրապետյանը հայտարարել էր, որ կանի ամեն ինչ, մարզադաշտը «փրկելու» համար:

Ավելի վաղ նա ասել էր, որ Հայաստանը հնարավորություն չունի 500-600 մլն դոլարանոց ստադիոն կառուցելու, մինչդեռ 15-20 միլիոնով կարող է «Հրազդանը» համապատասխանեցնել միջազգային չափանիշներին:

Իտալիայի հետ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին: Մինչ այդ Հայաստանի հավաքականը կյուրընկալվի Մալթայի և Բուլղարիայի ընտրանիներին: Խաղերը կկայանան սեպտեմբերի 7-ին և 11-ին: