
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիման և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այսօր երկամյա դրամաշնորհային պայմանագիր են ստորագրել Հայաստանում շտապ օգնության ծառայությունների հասանելիության բարելավման շուրջ: ԱՄՆ դեսպանատնից հայնում են, որ արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ Կառավարության և ԱՄՆ առաքելության ներկայացուցիչներ:
Երկամյա դրամաշնորհը 2010թ օգոստոսին ԱՄՆ ՄԶԳ և ՀՀ կառավարության միջև ստորագրված առողջապահական և սոցիալական բարեփոխումների շուրջ օժանդակության համաձայնագրի մասն է հանդիսանում:
«Շտապ օգնության ծառայությունների հասանելիության բարելավման» դրամաշնորհային ծրագրի նպատակներն են բարելավել շտապ օգնության ծառայությունների վերաբերյալ հանրային իրազեկումը տեղական ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպություների և մասնագիտական ասոցիացիաների միջոցով, բարելավել շտապ օգնության ծառայությունների վերահսկմանն ու Հայաստանի հանրային առողջապահության վրա շտապ օգնության ծառայությունների բարեփոխումների ընդհանուր ազդեցության գնահատմանն ուղղված` Առողջապահոության նախարարության կարողությունները, տեխնիկական փորձագիտություն տրամադրել Առողջապահության նախարարությանը` միջազգային ստանդարտներին համապատասխան Հայաստանի շտապ օգնության ծառայությունների հետագա զարգացման ռազմավարության մշակման համար, օժանդակել Առողջապահության նախարարության աշխատակազմի շարունակական մասնագիտական զարգացմանը` Հայաստանի շտապ օգնության ծառայությունների շարունակական կայունությունն ապահովելու նպատակով: