7 նոյեմբերի 2003 - 19:42 AMT
ԱԽԱԼՔԱԼԱԿՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է ՍՈՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄ
Վրաստանի հայաբնակ Ախալքալակի շրջանում տեղակայված ռուսական ռազմակայնի ղեկավարությունը հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ խորհրդարանական ընտրություններից հետո երկրում ստեղծված լարվածության պատճառով այնտեղ ռազմական դրություն է հայտարարվել: Նշենք, որ տվյալ տեղեկատվությունը տարածվել է նախօրեին Ախալքալակի «Ա-ինֆո»գործակալության կողմից: Ռազմակայանի ղեկավարությունը տեղեկացրել է լրագրողներին, որ կայանում գործում է ծառայության ամենօրյա ռեժիմ, իսկ տեղի զինվորական թաղամասում սովորական անցագրային ռեժիմ է: Ինչպես «Ռեգնում» տեղեկատվական գործակալությանը նշել է Վրաստանի հայ համայնքի առաջնորդներից մեկը` Վան Բայբուրդյանը, Անդրկովկասում ռուսական զորախմբի նոր հրամանատարի նշանակումից հետո «այդ ռազմակայանում խստություններ են մտցվել» եւ նոյեմբերի 3-ից կայանի տարածք «պատահական մարդկանց մուտքն արգելվում է»: Բայբուրդյանի խոսքերով` տեղի բնակիչները սովորաբար օգտվում էին զինվորական թաղամասի ենթակառույցներից, մասնավորապես, պոլիկլինիկայից եւ խանութից: Նման պրակտիկայի վերացումը, երեւի, տեղի լրագրողի համար առիթ է դարձել, որպեսզի ենթադրություն արվի ռազմական դրություն հայտարարելու մասին: