20 հունվարի 2012 - 14:24 AMT
ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ ՎՏԲ խմբի «Միասնական բանկոմատային ցանցի» մասնակից

Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում ՎՏԲ խմբի բանկերի, ինչպես նաև Ռուսաստանում ՎՏԲ24 բանկի քարտապանները կարող են օգտվել ՎՏԲ խմբի «Միասնական բանկոմատային ցանցից», որն այս պահին ներառում է ավելի քան 6000 բանկոմատներ, հայտնում է բանկի մամլո ծառայությունը:

Սա նշանակում է, որ ՎՏԲ խմբի բանկերի թողարկած քարտերով հաճախորդները հնարավորություն ունեն դրամական միջոցներ կանխիկացնել ՎՏԲ խմբի բանկերի և ՎՏԲ24-ի բանկոմատներից նույն պայմաններով, ինչ քարտը թողարկող բանկի սեփական բանկոմատային ցանցում՝ անկախ գտնվելու վայրից:

Այս նախագծի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան բանկն առաջարկում է ձեռք բերել «ՎՏԲ աշխարհ» փաթեթը ` ՎՏԲ խմբի շուրջ 6000 բանկոմատներից դրամական միջոցների անվճար կանխիկացման և բժշկական ու ուղեբեռի անվճար ապահովագրության հնարավորությամբ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ` Վ. Վ. Օվյսաննիկով,- «Դեռևս 2011թ. աշնանը ՎՏԲ-Հայաստան բանկն իր VISA Gold, VISA Business և VISA Platinum քարտապաններին ընձեռեց բացառիկ հնարավորություն՝ դրամական միջոցները կանխիկացնել ԱՊՀ երկրներում (Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս և Ղազախստան) և Վրաստանում գործող ՎՏԲ խմբի դուստր բանկերի բանկոմատներից նույն սակագնով, ինչ որ ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատներից: Մենք շարունակում ենք ընդլայնել մեր ծառայությունները և հնարավորությունները ՎՏԲ խմբի ակտիվ աջակցությամբ: «Միասնական բանկոմատային ցանց» նախագիծը ստեղծում է համագործակցության միասնական հարթակ` միաժամանակ էականորեն զարկ տալով ՎՏԲ խմբի անդամ բանկերի քարտային բիզնեսի զարգացմանը և մրցակից բանկերի նկատմամբ ակնհայտ առավելությունների ձեռք բերմանը»:

Քարտապանների հավատարմության հետագա զարգացման նպատակով ՎՏԲ խումբը մշակել և ներդրել է ևս մեկ բացառիկ ծառայություն` ԱՊՀ երկրներում և Վրաստանում հաճախորդը ՎՏԲ խմբի մոտակա բանկոմատը կարող է գտնել «գեոլոկացիա» ծառայության օգնությամբ: Այս ծառայությունն իրենից ներկայացնում է ինտերակտիվ քարտեզ, որի օգնությամբ հաճախորդները կարող են ստանալ տեղեկություն «Միասնական բանկոմատային ցանցի» մոտակա բանկոմատների տեղակայման վայրի և հնարավորությունների մասին: Տվյալ ծառայությունը մշակվել է ՎՏԲ խումբը սպասարկող «Մուլտիկարտա» ԲԲԸ պրոցեսինգային ընկերության կողմից: