Թուրքական Վան գավառում այսօր կրկին երկրաշարժ է տեղի ունեցել 4,9 բալ մագնիտուդով: Առայժմ հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չկան: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, ստորգետնյա ցնցումները խուճապ են առաջացրել տեղի բնակիչների մոտ, որոնցից շատերը, չնայած սառը եղանակին, վախենում են վերադառնալ տուն: Բնակիչների վախը պայմանավորված է անցյալ տարի տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի մասին հիշողություններով:
Հզոր ստորգետնյա ցնցումները Վանում տեղի են ունեցել 2011թ. հոկտեմբերի 23-ին և նոյեմբերի 9-ին: Այդ ժամանակ զոհվեց մոտ 640 մարդ, տուժեցին մի քանի հազարը, շատերը զրկվեցին օթևանից: Գավառում շարունակում են մի քանի վրանային քաղաքներ գործել: Անցյալ տարվա ողբերգությունից հետո գավառից համընդհանուր վախի և խուճապի ճնշման ներքո սկսվել է բնակչության միգրացիան երկրի մյուս շրջաններ: