23 հունվարի 2012 - 12:03 AMT
Մեդվեդև. Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների կտավն ամբողջապես ներծծված է բիզնեսով

Ռուսաստանի ու Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևն ու Սերժ Սարգսյանը երկուշաբթի քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Մեր մոտ ձևավորվել է ձմեռային հանդիպումների բարի ավանդույթ , այստեղ, Սոչիում, լեռներում, ես դրանում բարի խորհուրդ եմ տեսնում»,-հայտարարել է ՌԴ նախագահը՝ բացելով զրույցը:

Մեդվեդևը հիշեցրել է, որ անցած տարին բավականին հաջող էր ապրանքաշրջանառության տեսակետից, զարգանում են երկու երկրների գործարար կապերը: «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների կտավն ամբողջապես ներծծված է բիզնեսով»,-ասել է Ռուսաստանի նախագահը:

Երկկողմ հարաբերություններից բացի, նա առաջարկել է քննարկել նաև տարածաշրջանային խնդիրներ: «Կան մի շարք լուրջ մարտահրավերներ, այդ թվում նաև այս տարածաշրջանում»,-ասել է նա:

Բացի այդ, նախագահներն ավելի ուշ կքննարկեն ղարաբաղյան կարգավորման ընթացքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: