23 հունվարի 2012 - 12:37 AMT
ՊԵԿ աշխատակիցները կանխել են 11,2 կգ թմրանյութի ներկրումը Հայաստան

Պետական եկամուտների կոմիտեի Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները տարեվերջին թմրանյութի ապօրինի ներկրման խոշոր դեպք են բացահայտել Մեղրիի մաքսակետում, որն, ըստ Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանի, աննախադեպ է մաքսային ծառայության ամբողջ պրակտիկայի ընթացքում. «2011թ. դեկտեմբերի 29-ին, գիշերը 2-ի սահմաններում Մեղրիի մաքսակետում Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Սաիդ Միլանիին պատկանող ուղեբեռը, արդյունքում ճամպրուկի թաքստոցից հայտնաբերվել է 11 կիլոգրամ 200 գրամ թմրանյութ»:

Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ և Սաիդ Միլանիի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

ՊԵԿ-ից հայտնում են, որ Նախաբցթողումային հսկողության վարչության փորձը ցույց է տալիս՝ ավելի շատ հարավային սահմանային անցակետում են թմրամիջոցի ապօրինի ներկրման դեպքեր հայտնաբերվում. «Թմրանյութի ներկրման դեպքերը հիմնականում բացահայտում ենք հայ-իրանական սահմանի վրա` Մեղրիի մաքսակետում: Միայն 2011 թվականի ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 10 նման դեպք»,-տեղեկացրել է նախաբացթողումային հսկողության վարչության պետը: Ի դեպ, առանձնակի խոշոր 3 դեպքերով նույնպես ապօրինի ներկրման փորձը կատարել են Իրանի 3 քաղաքացի` տեղափոխելով թմրանյութ և հոգեմետ դեղորայք: Նախաբացթղումային հսկողության վարչության աշխատակիցները նաև ծանրոցների միջոցով թմրանյութի և հոգեմետ դեղերի ներկրման 2 փորձ են կանխել, ինչը փաստում է, որ այդ ուղին ևս գտնվում է մաքսային խիստ հսկողության ներքո: Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանի հավաստմամբ, թմրանյութ տեղափոխող մաքսանենգները դիմում են տարբեր մեթոդների` օգտագործելով զանազան թաքստոցներ, անգամ` սեփական մարմինը. «Մեր պրակտիկայում մարմնի մեջ թմրանյութի տեղափոխման բազմաթիվ դեպքեր ենք բացահայտել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ»:

Նշվում է, որ 2011թ. ընթացքում Նախաբացթողումային հսկողության վարչությունը մաքսային կանոնների խախտման շուրջ 500 դեպք է բացահայտել. 21 դեպքով հայտնաբերվել է բեռի թերի հայտարարագրում, 28 դեպքով էլ մաքսային ապահովման միջոցների բացակայություն կամ խախտում, իսկ 38 դեպքով արձանագրվել է քաշի, քանակի, ապրանքատեսակի և ծագման երկրի սխալ հայտարարագրում: Հայտնաբերվել է նաև մաքսային հսկողության համար սահմանված ժամկետի խախտման 413 դեպք: