MegaUpload-ի պես ճանաչված FileSonic ֆայլերի վերբեռնման և ներբեռնման հոսթինգ ծառայությունը փակել է ֆայլեր ներբեռնելու հնարավորությունը։ Ըստ կայքի գլխավոր էջում առկա հայտարարության, օգտագործողները կարող են միայն վերբեռնել և նորոգել սեփական վերբեռնած ֆայլերը։ Փաստորեն FileSonic-ը դարձել է միայն ֆայլերի պահպանման ծառայություն։ Կայքը նաև անջատել է իր՝ օգտագործողների խրախուսման ծառայությունը։ Երբ օգտագործողները հաճախակի էին ներբեռնում բովանդակություն, կայքը որոշակի գումար էր վճարում վերբեռնողին խրախուսելու համար։
FileSonic-ի այս քայլն ըստ երևույթին կապված է վերջին իրադարձությունների՝ MegaUpload-ի փակման և վերջինիս հիմնադիրների ձերբակալման հետ։ MegaUpload-ի փակումը վախ է ներշնչել նման կայքերին, գրում է CNET-ը։
Reddit սոցիալական ցանցի որոշ օգտագործողներ գրում են, որ FileSonic-ը սկսել է աստիճանաբար ջնջել իր բովանդակսությունը և անգամ որոշ օգտագործողների հաշիվներ (account)։
TorrentFreak –ի տվյալներով FileSonic կայքն աշխարհում հայտնի ֆայլերի ներբեռնման և վերբեռնման կայքերի 10-ակում է։ Այն ունի ամսական կես միլիարդ այցելություն։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը և ՀԴԲ-ն հունվարի 19-ին հեղինակային իրավունքների խախտման և փողերի լվացման մեղադրանքով փակել տվեցին MegaUpload ֆայլերի ներբեռնման և վերբեռնման հոսթինգ ծառայությունը, ձերբակալեցին հիմնադիրներին։ Ըստ նրանց, MegaUpload-ի պատճառով հեղինակային իրավունքները կրողները կրել են 600 միլիոն դոլարի վնաս։